Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Լոռու մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Զրույց-հանդիպումները միտված են ամրապնդելու հասարակություն-ոստիկանություն կապը, բարձրացնելու քաղաքացիների իրավագիտակցությունը: Հերթականն իրականացրել են Լոռու մարզի ոստիկանները։ Նրանք բնակիչների հետ խոսել են իրավախախտման տարբեր դրսևորումների մասին, մասնավորապես տվել խորհուրդներ` բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, հորդորել են, որ դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմեն ոստիկանություն, քանի որ հանցագործությունների զգալի մասը հնարավոր է թարմ հետքերով բացահայտել նախևառաջ արագ արձագանքման շնորհիվ։ Իրավապահները խորհուրդ են տվել տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Հանդիպումների ընթացքում ոստիկանները լսել և քննարկել են նաև քաղաքացիների առաջարկությունները։