Հանդիպում լրագրողների հետ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Օգոստոսի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին եւ այդ շրջանակներում ոստիկանության կողմից իրականացված աշխատանքներին:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը լրագրողներին նախ ներկայացրեց վերջին յոթ ամիսների վթարայնության վիճակագրությունը, ըստ որի՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրճատվել է 174-ով, 53-ով կրճատվել է դրանց հետեւանքով զոհերի եւ 253-ով՝ մարմնական վնասվածքներ ստացածների թիվը:
Վթարայնության վիճակը բնութագրող այս երեք ցուցանիշներն, ինչ խոսք, ոստիկանության իրականացրած մի շարք միջոցառումների արդյունք են:
Նվազել են նաեւ երեխաների մասնակցությամբ ճանապարահատրանսպորտային պատահարները. վերջին յոթ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ թիվը կրճատվել է 27-ով:
Նորիկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ նոր ուսումնական տարվան ընդառաջ ոստիկանության կողմից իրականացված եւ իրականացվելիք միջոցառումների մասին:
Սեպտեմբերի 1-ից ճանապարհամերձ դպրոցների մերձակա տարածքներում ծառայություն են իրականացնելու ոստիկանական վերակարգեր, որոնցում ընդգրկվելու են ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայության, անչափահասների գործերով եւ համայնքային ոստիկանության տեսուչներ: Ոստիկանության կողմից արվելու է ամեն ինչ երեխաների տուն-դպրոց-տուն ճանապարհը անվտանգ դարձնելու համար:
Նորիկ Սարգսյանը ծնողներին, մանկավարժներին, վարորդներին, դպրոցականներին կոչ արեց լինել առավել ուշադիր, զգոն, խստորեն պահպանել երթեւեկության կանոնները, համատեղ ջանքերով ապահովել երթեւեկության անվտանգությունը:
Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ վերջին նորարարությունների մասին, որոնք միտված են ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը:
Հանդիպման ավարտին Նորիկ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: