Ոստիկան հայրը խաչքար կանգնեցրեց զինվոր որդու հիշատակին /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/
Սեպտեմբերի 20-ին Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցի բակում բացվեց զոհված կապիտան Գոռ Խուդինյանի հիշատակին նվիրված խաչքար-պուրակ:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներ, զոհված զինծառայողների հարազատներ, հյուրեր:
Խաչքարի և հուշաքարի բացման պատիվը շնորհվեց Գոռ Խուդինյանի մորը՝ Անահիտ Խուդինյանին, նրա երկու զինակից ընկերներին և ազատամարտիկ Բաբկեն Պապոյանին:
Գուգարաց թեմի հոգևոր հայրերի ձեռամբ կատարվեց խաչքարի օծման արարողություն և հոգեհանգստյան կարգ:
Խաչքարի տեղադրման գաղափարը Գոռ Խուդինյանի հորինն է՝ ոստիկանության սպա Ֆրունզիկ Խուդինյանինը:
Հայրը զինվորագրված էր երկրի ներքին կայունության ապահովման գործին՝ պատվով անցնելով իր երկարամյա ծառայողական ուղին, իսկ հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված որդին հերոսաբար զոհվեց հենց սահմանին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս:
Կապիտան Խուդինյանը սովորել է Տերյանի անվան թիվ 5 դպրոցում: Նա և դպրոցի շրջանավարտներ՝ Սամվել Գևորգյանը, Աշոտ Մացակյանը, Ահարոն Բաղդասարյանը, Սարգիս Անտոնյանը, Նորայր Դալլաքյանը և Արման Մարգարյանը հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերի նահատակներ են, հերոս նահատակներ: Դպրոցի պատին փակցված հուշատախտակին գրված են այս 7 հերոսների անունները:
Գոռ Խուդինյանը 2011 թվականին կամովին ծառայության է անցել «Եղնիկներ» զորամասում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար: 2015 թվականին նշանակվել է հետախուզական վաշտի հրամանատարի պաշտոնին՝ ստանալով կապիտանի կոչում: Արդեն 2016 թվականին գումարտակի շտաբի պետն էր՝ հրամանատարի տեղակալը: Կապիտան Խուդինյանը զոհվել է 2017 թվականի փետրվարի 23-ին՝ մարտական գործողություն իրականացնելիս: Աճյունն ամփոփված է հայրենի Ճոճկան գյուղում:
Պուրակում տնկվել են նաև խորհրդանշական 7 եղևնիներ՝ ի նշան զոհված 7 հայորդիների: Նահատակված զինվորների մայրերը ճյուղերին փակցրեցին իրենց որդիների անունները: