Խարդախությամբ 2 միլիոն դրամից ավելի փող էին կանխիկացրել
Հունիսի 11-ին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի անվտանգության աշխատակիցը ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 10-ին մոնիթորինգ իրականացնելիս պարզել են, որ գիշերը, ժամը 00.00-ից հետո, Գուգարք գյուղի 2-րդ փողոցի խանութում տեղադրված տերմինալ փող է լիցքավորվել, ինչը կասկած է առաջացրել, քանի որ այդ ժամին խանութը չի աշխատում, իսկ հետո պարզվել է, որ հունիսի 9-ի երեկոյան ինչ-որ մարդիկ, ներկայանալով որպես նշված ընկերության աշխատակից, նորոգման պատրվակով տերմինալը տարել են անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ վանաձորցի 31-ամյա և 24-ամյա երկու եղբայր «Ֆորդ» մակնիշի մեքենայով տերմինալը տեղափոխել են Արարատի մարզի Նորաբաց գյուղ: Պարզվել է, որ նշված տերմինալից ժամը 02.23-ին վանաձորցի 28-ամյա մի երիտասարդի քարտային հաշվին է փոխանցվել 896 հազար դրամ, իսկ ստեփանավանցի 53-ամյա մի կնոջ հաշվին՝ 1 միլիոն 200 հազար դրամ: Այնուհետև 28-ամյա երիտասարդը և 53-ամյա կնոջ 30-ամյա որդին Ապարան քաղաքում հանդիպելով մի տղամարդու՝ կանխիկացված գումարը փոխանցել են նրան՝ ստանալով փոխանցվածի 5 տոկոսի չափով գումար:
Կազմված փաստաթղթերը, վանաձորցի եղբայրները, ինչպես նաև 28-ամյա և 30-ամյա երիտասարդները ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: