Խարդախություն՝ դանակի ուղեկցությամբ (ԼՐԱՑՎԱԾ)
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտ դանակով հարվածել են 1978 թ. ծնված Վահրամ Ս.-ին և 1.000 դոլար վերցնելով՝ «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հուլիսի 12-ին Վահրամ Ս.-ն Երևան քաղաքի ավտոշուկայում հավանել էր «Մազդա» մակնիշի ավտոմեքենան և իր տանը ավտոմեքենայի սեփականատեր, 1968 թ. ծնված Թադևոս Մ.-ին տալով 800 դոլար՝ պայմանավորվել, որ հուլիսի 15-ին ավտոմեքենայի մնացած գումարի հետ կապված նոտարական գրասենյակում պայմանագիր կկնքեն:
Հուլիսի 15-ին Երևան քաղաքի «Ռայկոմ» թաղամասում Վահրամ Ս.-ն Թադևոս Մ.-ին տվել է ևս 200 դոլար, այնուհետ եկել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող նոտարական գրասենյակ, սակայն պայմանագիր չեն կնքել:
Նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Ծովինար լճի մոտակայքում գտնվող երկաթգծի մոտ նույն ավտոմեքենայի սրահում նշված 1.000 դոլարի հետ կապված վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Թադևոս Մ.-ն դանակով վնասել է Վահրամ Ս.-ի ձեռքը և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հուլիսի 16-ին, ժամը 13.30-ին, Թադևոս Մ.-ն ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և տվել բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: