Ոստիկանները Վանաձորում հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի, այսպես ասած, գործարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում մի քաղաքացի իր տանը զբաղվում է կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստմամբ ու իրացմամբ:
Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի աշխատակիցների հետ, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վանաձորի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ալկոհոլային խմիչքի, այսպես ասած, գործարան:
Իշխան Աբրահամյանի տան, ավտոտնակի և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերվեց շշալցված ու դրոշմավորված՝ 489 շիշ տարբեր տարողությամբ և տարբեր ապրանքանիշերի կեղծ օղիներ, շշերի խցաններ, ապակյա տարբեր տարողություններով կոնյակի և օղու դատարկ շշեր, 1160 հատ օղու ակցիզային կեղծ դրոշմանիշներ, 56 հատ «Արարատ» գրառմամբ կոնյակի կեղծ ակցիզային դրոշմանիշեր, 55 հատ տարբեր տարողությամբ և տարբեր ապրանքանիշերի շշալցված, դրոշմավորված, կեղծ կոնյակներ:
Ըստ Իշխան Աբրահամյանի՝ դրանք շշալցնում ու դրոշմակնիքում է ինքը՝ հետագայում վաճառելու համար:
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով /կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք՝ իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը/:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: