Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել Սյունիքի Խնձորեսկ գյուղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք բացահայտվեց։
Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին և 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող խանութի և բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները իբր վերականգնելու խնդրանքով։ Հայտնել էր, թե իբր շենքերն ինքն է կառուցել, բայց կառուցման հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն պահպանվել։ Սակայն նախնական քննությամբ պարզվել է, որ դիմողի ընտանիքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի օգտագործել է շինությունները։
Պարզվել է, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ շինությունների պատկանելությունը ստուգելու փոխարեն բավարարել են դիմումը բացառապես քաղաքացու ներկայացրած տվյալներով, կազմել և համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացրել գույքային իրավունքները վերականգնելու և անձի սեփականությունը համարելու մասին համապատասխան որոշումներ։
Քաղաքացին նշված որոշումները ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանում, իր անվամբ ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 4,250,000 դրամի խանութի և բաղնիքի շենքերը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: