Խուլիգանություն Շահամիրյանների փողոցում
27.08.2013 16:00
Խուլիգանություն
Օգոստոսի 26-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Շահամիրյանների փողոցի 9 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ հիմնարկություններից մեկի անվտանգության աշխատակիցները խմած հարձակվել են մարդկանց վրա, հայհոյել և 3 անգամ կրակել:
Պարզվել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 23.15-ին, 1990 թ. ծնված Գևորգ Մ.-ն Շահամիրյանների փողոցում բարձրաձայն հայհոյանքներ տալու համար դիտողություն է արել մի ընկերության անվտանգության աշխատակիցներից մի քանիսին, որոնք, դիտողությունը չընդունելով, սկսել են ծեծի ենթարկել նրան` պատճառելով վնասվածքներ և բարձրաձայն հայհոյանքներ տվել նրա հասցեին, իսկ երբ միջադեպը կանխելու նպատակով միջամտել են թաղամասի բնակիչները, անվտանգության աշխատակիցները շարունակել են ծեծել Գևորգ Մ.-ին, հայհոյանքներ տվել բնակիչների հասցեին և չպարզված հրազենով 3-4 կրակոց արձակել բնակիչների ուղղությամբ:
Օգոստոսի 26-ին, ժամը 02.30-ին, Գևորգ Մ.-ից ընդունվել է հաղորդում և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված աշխատակիցներն են 1978 թ. ծնված Արմեն Ե.-ն, 1988 թ. ծնված Արմեն Թ.-ն, 1985 թ. ծնված Բենիկ Գ.-ն և 1988 թ. ծնված Մովսես Գ.-ն, որոնք նույն օրը, ժամը 03.30-ին, Շահամիրյանների փողոցի թիվ 8 հասցեի մոտից բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ Մովսես Գ.-ն խոստովանել է, որ ինքն է կրակել իրենց անվտանգության ծառայությանը պատկանող հրացանով:
Նույն օրը, ժամը 04.15-ին, նշված ընկերության անվտանգության ծառայության պետը ներկայացրել է «ՍԱՅԳԱ-410/Կ» տիպի հրացան` պահունակով, պահունակում՝ 1 կրակված պարկուճ, և հայտնել է, որ իրենց անվտանգության ծառայությունում միայն նշված հրացանն է ամրակցված:
Ներկայացված հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: