Խուլիգանություն Պուշկինի փողոցում. կան ձերբակալվածներ և հիվանդանոց տեղափոխվածներ
Մարտի 19-ին, ժամը 00.12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Պուշկինի փողոցի սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները նշված վայրում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի:
Ժամը 02.35-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել երեք երիտասարդի:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պարեկները ժամը 02.20-ին Պուշկինի փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք երիտասարդի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մարտի 19-ի ժամը 00.10-ին և ժամը 02.00-ին Պուշկինի փողոցի սուպերմարկետի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բերման ենթարկվածները շշերով խփել են հիվանդանոց տեղափոխված երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: