Շվեդիա մշտական բնակության խոստումներ և 15.000 եվրո՝ կեղծ անձնագրերի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած կինը նոյեմբերի 9-ին հաղորդում է տվել խարդախության վերաբերյալ: Ըստ նրա` ոմն Օհան Շավարշյան և Գեղամ, չարաշահելով իր վստահությունը, իրեն և երկու որդիներին Շվեդիա մշտական բնակության ուղարկելու համար պահանջել և օգոստոսի 11-ին, սպառնալիքի միջոցով, ստացել են 15 հազար եվրո, իրենց տվել են ՌԴ քաղաքացու անձնագրեր, սակայն հայկական անձնագրերով ճանապարհել Մոնտենեգրո: Այստեղից կինն ու որդիները փորձել են թռչել Փարիզ, սակայն տեղի իրավապահները պարզել են, որ ռուսական անձնագրերը կեղծ են: Նրանց ձերբակալել են և հոկտեմբերի 1-ին հետ ուղարկել Հայաստան:
Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները հետաքննությամբ պարզել են, որ Օհան Շավարշյանը Օհանիկ Շավիշյանն է, իսկ Գեղամը` Գեղամ Վահանյանը:
Նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով` խարդախություն: Օհանիկ Շավիշյանն ու Գեղամ Վահանյանը ձերբակալված են:
Կասկածներ կան, որ նրանց գործունեությունից տուժած այլ քաղաքացիներ էլ կան: Նրանք կարող են դիմել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն կամ զանգահարել 010 56-47-72 հեռախոսահամարով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: