Ծանր հանցագործությունները, որ նույն անձի ձեռքի գործն էին, բացահայտվեցին ոստիկանների բացառիկ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ
25.01.2013 15:44
Սպանություն
Ամենաընթերցվողներից մեկը դետեկտիվ գրականությունն է, իսկ քրեական հետախույզի կերպարը` ամենաընդօրինակվողներից մեկը: Իհարկե, իրականում միշտ չէ, որ հանցագործության բացահայտումը լինում է դեդուկտիվ մեթոդի արդյունք: Բայց այսօր էլ քրեական հետախույզները, բացառիկ մասնագիտության տեր այդ մարդիկ, ստիպված են լինում հասկանալ հանցագործի տրամաբանությունը, հերթով բացասել առաջ քաշված վարկածները, գտնել ապացույցներ կամ հերքել ալիբիներ: Մի խոսքով, լինել ավելի խելացի, ավելի տրամաբանող ու հնարամիտ:
Ներկայացվող ծանր հանցագործության բացահայտումը պահանջում էր հենց նման որակներ:
2012 թ. փետրվարի 1: Ձմեռային ցուրտ ու սովորական այդ օրը Հովհաննիսյանների ընտանիքի հայրը աշխատանքից տուն այդպես էլ չեկավ: 62-ամյա Մկրտիչը տաքսու վարորդ էր: Հաճախ էր ուշանում, երբեմն լուսադեմին էր գալիս, բայց այս անգամ անսովոր անհանգստություն ունեին տնեցիները. բջջայինը չէր պատասխանում:
Առավոտյան անհանգստությունը տագնապ դարձավ: Տաքսի ծառայության գրասենյակից, որտեղ աշխատում էր, տեղեկացան, որ Մկրտիչը նախորդ օրը աշխատանքի դուրս չի եկել. մեքենան անսարք է եղել: Դիմեցին ոստիկանություն:
Հատված օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրից.
Երևանի Ադանայի փողոցի 51/1 տան բնակիչ, 1951թ ծնված Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը 2012 թ. փետրվարի 2-ից որպես անհայտ կորած հետախուզվում է ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից:
Որոնողական աշխատանքը շարունակվում էր:
Երկու օր անց՝ փետրվարի 4-ին որոնումը դադարեցվեց: Անհանգստության ու տագնապի պատճառ այլևս չկար: Միայն արձանագրված ողբերգությունն էր, անդառնալի կորուստն ու վիշտը:
Այդ օրը, երեկոյան, «Շահումյան 2» գերեզմանատանը հայտնաբերվեց մոտ 60 տարեկան տղամարդու դիակ` բռնության հետքերով: Հարազատները ճանաչեցին: Նույն օրը ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քր.օրի. 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հովհաննիսյանին սպանել էին: Հանցագործության բացահայտման հսկողությունը ստանձնեց ոստիկանության ՔՀԳ վարչությունը: Անհապաղ նշանակվեցին դատաբժշկական մի շարք փորձաքննություններ` դատակենսաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական.
Դիակի հերձման ժամանակ Հովհաննիսյանի մարմնին հայտնաբերվեց ծակած-կտրած երկու տասնյակից ավելի վերք: Ընդ որում 8-ը` թափանցող: Անհայտ հանցագործն իր զոհին դանակահարել էր հնարավոր բոլոր տեղերում. կրծքավանդակ, թիկունք, գոտկատեղ, բազուկ … Այսպիսով բացառելով ողջ մնալու բոլոր հնարավորությունները:
Ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի Մաշտոցի և Շենգավիթի բաժինների օպերլիազորները անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ էին իրականացնում, ստեղծված օպերատիվ խմբերը գնում էին ստացվող յուրաքանչյուր տվյալի հետքով: Ստուգումներ և խուզարկություններ էին իրականացվում: Անլուր հարցումներ և օպերատիվ բնույթի զրույցներ էին անցկացվում մահացածի ծանոթների ու մտերիմների շրջանում:
Հանցագործությունից օրեր անց նախաքննական մարմինն արդեն իսկ ուներ հնարավոր կասկածյալների որոշակի շրջանակ, որոնցից յուրաքանչյուրի մեղավորությունը հիմնավորելու ուղղությամբ լուրջ ու մանրակրկիտ աշխատանք էր իրականացվում: Եվ հերթական փորձագիտական եզրակացությունը, որոշակի լույս պիտի սփռեր կատարվածի վրա:
Նախ հիմնավորվում էր, որ ծակած-կտրած բոլոր վնասվածքները հասցվել են նույն դանակով և, որ մահը վրա է հասել արյան սուր կորստից: Դանակի թափանցող հարվածներից վնասվել էին սիրտը, աջ և ձախ թոքերը, ստոծանին, ենթաստամոքսային գեղձը, արտաքին արնահոսությունը ձախ բազուկի համակցված կտրվածքների հետևանք էր: Նույն փորձագիտական եզրակացությամբ պարզվեց նաև, որ սպանվելուց առաջ նա որոշակի քանակի ալկոհոլ է օգտագործել:
Ստացվեց դատահետքաբանական փորձագիտական եզրակացությունն, այն մասին, որ Մկրտիչ Հովհաննիսյանի ուսաժապավեններով շապիկի մակերեսին առկա են վնասված մասեր, որոնք կարող էին առաջանալ մեխանիկական ուժի ներգործության` քաշել-ձգելու հետևանքով:
Դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Մկրտիչ Հովհաննիսյանի արյան նմուշը ըստ ԱԲ0 իզոշճաբանական համակարգի պատկանում էր 0 խմբին:
Փորձագիտական եզրակացությունների արդյունքները, ինչպես և նախաքննության մարմնի կողմից այդ փուլում ձեռք բերած որոշակի նյութերն, իհարկե, հանգույցներ էին, որոնք հնարավորություն էին տալիս տրամաբանորեն ու փաստարկված առաջ տանել բացահայտման աշխատանքները, սակայն արդյունքի հասնել չէր հաջողվում: Այս գործով հարցաքննվեց 5 տասնյակից ավելի մարդ: Կասկածները, առաջ քաշվող վարկածները կամ չէին հաստատվում, կամ տանում էին փակուղի:
Մի պահ շեղվենք այս դեպքից ու ներկայացնենք 2012-ի մարտի վերջին մեկ այլ տաքսիստի հետ կատարվածը:
Մարտի 23-ին մի տաքսիստ իր ծանոթ մարմնավաճառի հետ մեկնել էր քաղաքից դուրս: Ճանապարհին նրանց միջև վեճ էր ծագել: կեսգիշերն անց վերջակետը դրել էր վարորդը, սկզբում ծեծել, հետո քարով կոտրել էր կնոջ գլուխը: Հետո նաև մեջտեղ էր հանել դանակն ու երեք հարված հասցրել: Վերջին հարվածից դանակի շեղբը մնացել էր կնոջ մարմնում: Անօգնական թողնելով ամայի ճամփեզրին հեռացել էր: Տուժածը հեռվում լույս էր նկատել: Քայլելով, ընկնել վերկենալով, սողալով ի վերջո հասել էր լույսին: Արնաշաղախ անծանոթուհու առաջ դուռը բացող մարդիկ առանց հապաղելու զանգել էին շտապօգնություն, նաև ոստիկանություն: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել էր փրկել տուժածի կյանքը: Վաղարշապատի ոստիկաններն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ էին ձեռնարկել: Թեև տուժածը վարորդի անունն ու մեքենայի մակնիշը չէր հիշում, ոստիկանները արագ հաջողության հասան: Ոստիկանության ՔՀԳՎ-ում տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Կամո Բունիաթյանը: Ոստիկանության ՔՀԳ վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժինների աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում մայիսի 5-ին Կամո Բունիաթյանը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց: Խոստովանական ցուցմունքը` չուշացավ:
Այս դեպքի բացահայտման աշխատանքների ժամանակ ՔՀԳՎ աշխատակիցները հստակ ֆիքսում են, որ սպանության փորձի համար կալանավորված Բունիաթյանը կար նաև սպանված տաքսու վարորդի ծանոթների շրջանում: Սա արդեն նոր ելակետ էր:
Կամո Բունիաթյանի կապը և հնարավոր առնչությունը կատարված սպանությանը պարզելու համար հանձնարարականներ են տրվում ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության և Մաշտոցի բաժիններին: Վաղարշապատի քննչական բաժանմունքից ստավում է մարմնավաճառի նկատմամբ կատարված հանցագործության գործիք դանակը, որով ևս նշանակվում է դատահետքաբանական-դատաբժշկական համալիր փորձաքննություն: Շուտով ստացվում է եզրակացությունը՝ հանցագործության գործիքները երկու դեպքով տարբեր են: Հոկտեմբերի 31-ին որոշում է կայացվում քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցնելու մասին:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, սակայն, չեն դադարում: Եվս 20 օր ու ևս մի առանցքային հանգույց: Նոյեմբերի 20-ին նախաքննական մարմինը ՔՀԳ վարչությունից գրություն է ստանում. տվյալներ կան, որ մարմնավաճառը տեղեկություններ ունի Մկրտիչ Հովհանիսյանին սպանած անձի վերաբերյալ: Նույն օրը նրան հարցաքննում են:
Անցյալ տարվա նոյեմբերի 12-ին նախաքննական մարմինը կասեցված քրեական գործի վարույթը վերսկսելու որոշում է կայացնում: Նոյեմբերի 28-ին խուզարկվում է Մասիս քաղաքում գտնվող Բունիաթյանի այն բարեկամի տունը, որի բակում կազմաքանդել էր իր նախկին «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան:
Իրավապահների իրականացրած խուզարկության ժամանակ հայտնաբերվում են կազմաքանդված մեքենայի որոշ մասեր: Մասնավորապես բեռնախցի գորգը առանցքային հանգույց էր դառնալու: Գորգի վրա իրավապահները արյան հետք են նկատում: Բացահայտման վերջին ակորդը նշանակված դատագենետիկական փորձաքննությունն էր:
հատված փորձագետի եզրակացությունից:
«..փորձաքննությանը ներկայացված սև գույնի դերմանտինե փռոցի արյան հետքից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը համընկնում է Մկրտիչ Հովհաննիսյանի դիակային արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ 99.99 տոկոս հավանականությամբ»:
Բացահայտվեցին ծանր հանցագործության բոլոր մանրամասները:
Ըստ նախաքննական մարմնի ձեռք բերած փաստերի` փետրվարի 1-ին Կամոն գնում է Մկրտիչի հետ հանդիպման: Տաքսիստները որոշել էին այդ օրը աշխատանքի դուրս չգալ, իրենց համար հայտարարել հանգստյան օր ու մի քիչ լիցքաթափվել: Կամոն անակնկալ էր պատրաստել տարեց ընկերոջ համար: Հանդիպման էր գնացել իր ծանոթ մարմնավաճառի` Հռիփսիմեի հետ: Կամոյի վարած «ՎԱԶ-2102»-ով նախ գնում են սուպերմարկետ: Կինը մեքենայում է սպասում, տղամարդիկ քիչ անց վերադառնում են ուտելիքով ու խմիչքով բեռնված: Մեքենան քշում են Ջրվեժ թաղամասի ուղությամբ: Հասնելով ամայի մի վայր` տղամարդիկ նախ տրվում են ալկոհոլին, իսկ մի քանի բաժակից հետո Կամոն որոշում է մատուցել անակնկալը: Խիստ անակնկալի գալով` Մկրտիչը հրաժարվում է մարմնավաճառի ծառայությունից: Անակնկալի գալու հերթը Կամոյինն էր: Կատաղում է, պարտադրում, որ անշնորհակալ ընկերն այնուամենայնիվ 5000 դրամ վճարի անակնկալի դիմաց: Շվարած Մկրտիչը վճարում է, բայց գլուխն ազատել չի ստացվում: Զայրացած բաժակակիցն էլի է պահանջում: Գումարի շուրջ վեճը սաստկանում է անասելի արագությամբ: Մեքենայի սրահում հայհոյախառն ծեծկռտուք է, ու… Կամոն նստատեղի կողքից քաշում-հանում է դանակը: 26 անընդմեջ հարված, մեծ մասը` մահացու:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ դաժան սպանությունից հետո Բունիաթյանը, դիակը տեղավորելով բեռնախցում, կնոջն իջեցրել է մոտակա կանգառում` պատվիրելով լռել կատարվածի մասին: Սպանության ականատեսի լեզուն իսկապես էլ առժամանակ վախից պապանձվել էր: Հետո նրանք էլի մի քանի անգամ հանդիպում են: Բնական է, որ Կամոն պետք է, այսպես ասած, հսկողության տակ պահեր Հռիփսիմեին:
Մարտի 23-ին հերթական հանդիպումն էր: Հռիփսիմեի լռությունը, փաստորեն, համոզիչ չէր եղել, ու չգիտեր, որ հանդիպման նպատակը ոչ թե հերթական ավտոտարփանքն է, այլ, այնուամենայնիվ, լռությունն ավելի համոզիչ դարձնելը, լռություն, որ այդպես էլ հանգիստ չէր տալիս Կամոյին:
Այս գործում առանձնակի որոշիչ դեր ունեցավ քրեականի ծառայողների և նախաքննական մարմնի արդյունավետ համագործակցությունը: Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ և օպերատիվ աշխատակիցների, և քննիչների դրսևորած որակների, պրոֆեսիոնալիզմի արդյունքում բացահայտման աշխատանքները դասագրքային տրամաբանությամբ քայլ առ քայլ լույս սփռեցին երկու ծանր հանցագործությունների վրա՝ բացահայտելով դրանք այբից մինչև քե:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: