Ծեծկռտուք ու դանակահարություններ Գյումրիում. ոստիկանության բացահայտումը
Ապրիլի 24-ին, ժամը 23.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Գյումրու՝ 23, և Ախուրյան գյուղի 22 և 23 տարեկան երիտասարդներ։
Հիվանդանոց մեկնեց ոստիկանության օպերատիվ խումբը։ Տուժողներից ընդունվեց հաղորդում։ Ոստիկանները սկսեցին ծավալուն միջոցառումներ՝ դանակահարությունները բացահայտելու ուղղությամբ։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Կումայրիի ու Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվեց, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սուր-կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքները պատճառել էր Գյումրիի 30-ամյա մի բնակիչ:
Նրան հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և բացատրական աշխատանք։ Արդյունք տվեց բացատրական աշխատանքը. ապրիլի 25-ին Գյումրիի 30-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացավ ոստիկանություն։
Պարզվեց, որ վիճաբանությունը ծագել էր Գյումրիի փողոցներից մեկում ազդանշան տալու պատճառով։ Վիճաբանությունը շարունակվել էր Գյումրիի խանութներից մեկում։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ։ Այս ամենի ընթացքում էլ 30-ամյա տղամարդը վերցրել էր վաճառասեղանին դրված ծալովի դանակն ու դանակահարել երիտասարդներին։ Արդյունքում՝ մարմնական վնասվածքներ էին ստացել վիճաբանության բոլոր մասնակիցները՝ թե՛ երիտասարդները, թե՛ դանակահարող տղամարդը։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: