Ծեծկռտուք և կրակոցներ` ավտոմեքենան արագ վարելու պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25.06.2014 17:48
Այլ հանցագործություններ
Հունիսի 20-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արմավիրի մարզի Նորավան գյուղում էին: Ոստիկանության Երեւան քաղաքի ՕԿԿ-ից ահազանգ էր ստացվել, եւ շտապ գյուղ էին հասել: Նորավանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի:
Տեղում ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահներին հաջողվեց արագ ճշտել դեպքի հանգամանքները եւ ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը: Լսեցին տուժողին եւ պարզեցին նաեւ վիճաբանության պատճառը:
Դեպքը տեղի էր ունեցել գյուղի փողոցներից մեկում, նույն օրը, ժամը մեկի սահմաններում: Ըստ նախնական տեղեկությունների` ծեծկռտուքին մասնակցել էին մի կողմից նորավանցիներ` հայր եւ որդի, մյուս կողմից` նույն գյուղի բնակիչ Խաչիկն ու ընկերը` Արտյոմը, որն էլ, ըստ տեղեկությունների, կրակողն էր:
Օպերատիվ-բացատրական գործողությունների արդյունքում շուտով ինքնակամ ոստիկանություն ներկայացավ եւ խոստովանական բացատրություն տվեց օդամղիչ ատրճանակով երեք անգամ օդ կրակած, Արմավիր քաղաքի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Կոստանյանը:
Պարզվեց նաեւ վիճաբանության պատճառը: Նախ վեճի էին բռնվել նորավանցիները: Խաչիկ Կարապետյանը համագյուղացիների հետ լեզվակռվի մեջ էր մտել մեքենան անկանոն եւ արագ քշելու պատճառով: Կարճատեւ վեճից հետո հեռացել էր, իսկ դիտողությունն իր ինքնասիրությանն ուղղված վիրավորանք էր համարել եւ ընկերոջ հետ վերադարձել ու, այսպես ասած` «պատիվ էր պահանջել»: Վեճը բորբոքվել էր, հետո ծեծել էին իրար: Այդ ընթացքում Արտյոմ Կոստանյանը հանել էր ատրճանակն ու երեք անգամ օդ կրակել: Իր ասելով` ցանկացել էր վերջ դնել ծեծկռտուքին:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Արտյոմ Կոստանյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Օդամղիչ ատրճանակն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկ Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: