Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28.07.2015 17:16
Համակարգի լրատու
Հուլիսի 28-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Այլ պետությունում գտնվող մեր հայրենակիցը ցանկանում էր տեղեկանալ` ՀՀ անձնագիրը համարվո՞ւմ է անվավեր` ՀՀ քաղաքացիության դադարացեման համար դիմելու պահից սկսած: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի` ՀՀ քաղաքացու անձնագիրն անվավեր է ճանաչվում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, այլ ոչ դիմում ներկայացնելու հետևանքով: Դադարեցման դիմումի քննարկման ժամկետը 6 ամիս է, և այն լուծվում է ՀՀ Նախագահի հրամանագրով: Հետևաբար, քանի դեռ առկա չէ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ Նախագահի հրամանագիրը, անձնագիրն անվավեր չի ճանաչվում:
Զանագահարել է ՀՀ-ում գտնվող քաղաքացի և տեղեկացրել, որ երեխայի ծնվելու պահին ինքն ու ամուսինը հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ: Հետագայում այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար դիմել է ՀՀ քաղաքացիության դադարեցման խնդրանքով: Ստանալով այլ երկրի քաղաքացիություն` դիմել է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Իրենց երեխայի համար նույնպես ցանկանում են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ` տվյալ դեպքում պահանջվո՞ւմ է ծնողների գրավոր համաձայնությունը կամ երեխայի անձնագիր ստանալու համար պե՞տք է սպասեն, քանի դեռ երեխայի մայրը չի ստացել ՀՀ քաղաքացիություն: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի` երեխան ծնվելու պահից արդեն, ըստ օրենքի, ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն: Հետևաբար երեխան ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու իրավունք ունի, քանի որ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար առանձին գործ չի հանձնվել և չի դադարեցվել նրա ՀՀ քաղաքացիությունը: Տվյալ դեպքում ծնողներից մեկը պետք է դիմի անձնագրային ծառայություն` անձնագիր ստանալու դիմում ներկայացնելու համար:
Մեր մեկ այլ հայրենակից տեղեկացրել է, որ հանդիսանալով ՀՀ քաղաքացի` մեկնել է այլ պետություն և ստացել այդ երկրի քաղաքացիություն: Քանի որ, իր պատկերացմամբ, այլ երկրի քաղաքացիություն ստանալու հիմքով օրենքի ուժով դադարեցվել է ՀՀ քաղաքացիությունը, ներկայումս իրեն անհրաժեշտ է տեղեկանք, որ չի համարվում ՀՀ քաղաքացի: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը, Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Քաղաքացիության դադարեցման հարցերը լուծվում են անձի դիմումի հիման վրա՝ ՀՀ Նախագահի հրամանգրով: