Կանեփի 89 թուփ և թմրանյութ. Արտաշատի ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբերի 20-ին Արտաշատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Ոստան գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ տանը ապօրինի պահում է թմրանյութ և բակում աճեցնում կանեփ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում նույն օրը երեկոյան կատարվեց զննություն: Հայտնաբերվեց կանեփի 89 բույս։ Բացի այդ, տանտերը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 11 գրամից ավելի քաշով: Ըստ նրա` փաթեթում կանեփից ստացած թմրանյութ է, իսկ թփերը վայրաճ կանեփ են, որոնք հետո ինքը մշակել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: