Ոստիկանները հայտնաբերել են 205 հատ 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Կապանի և Էրեբունու բաժինների, ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Արցախի փողոցից, կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ, 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ:
Ոստիկանությունում Եգանյանը խոստովանել է, որ նախկինում պատրաստել և իրացրել է կեղծ մետաղադրամներ: Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է մի ամբողջ ընդհատակյա դրամահատարան՝ ինքնաշեն դրամահատ սարք, մասամբ պատրաստի մետաղադրամներ, կշռաքարեր, հումք, պարագաներ, որոնք անհրաժեշտ էին կեղծ դրամների արտադրություն ապահովելու համար:
Տիգրան Եգանյանի բնակության վայրում հայտնաբերվել են՝ 236 հատ, 1000 դրամ անվանական արժեքով պատրաստի կեղծ թղթադրամներ, 153 հատ Ա-4 ֆորմատի թղթի վրա չորսական տպագրված 1000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամի օրինակներ, նույնպիսի թղթի վրա՝ երեքական տպագրված 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամների օրինակներ և թղթադրամները կտրելու պարագաներ:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական գործողությունները՝ ոստիկանները նույն օրը բերման են ենթարկել նաև Երևանի բնակիչ, 1988 թ. ծնված Տիգրան Ավետյանին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ:
Մասնակից այլ անձանց հայտնաբերելու, կեղծ դրամներն իրացնելու վայրերը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Տիգրան Եգանյանն ու Տիգրան Ավետյանը ձերբակալված են:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: