Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քննարկեց ոստիկանության հինգ ծառայողների՝ ոստիկանության Երեւան քաղաքի պարեկապահակետային ծառայության գնդի՝ երկու, պետական պահպանության գլխավոր վարչության՝ մեկ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի՝ մեկ եւ Երեւան քաղաքի վարչության մեկ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:
Հրապարակային, թափանցիկ, հասարակական ընդգրկվածությամբ գործող ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կոչված է ապահովելու հասարակական կարգուկանոն պահպանող ծառայողների գործունեության պրոֆեսիոնալ, իրավաչափ քննություն եւ վերահսկողություն՝ բացառելով կամայականությունները, ինչպես քաղաքացու, այնպես էլ ոստիկանության ծառայողի իրավունքների խախտումները:
Հանձնաժողովը պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: