ԼՐԱՑՎԱԾ. Կողոպուտ զարդերի վաճառքի սրահում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունիսի 25-ին՝ ժամը 13:45-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն Երևանի Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից ահազանգ է ստացվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզել են, որ, դեռևս անձը չպարզված, մի տղամարդ բացահայտ հափշտակել է մատանի, այնուհետև խանութից դուրս գալիս դանակով սպառնացել է իրեն բռնել ցանկացող քաղաքացիներին ու մեքենայով փորձել է փախչել։ Դեպքի վայրի հարևանությամբ վթարի ենթարկվելուց հետո թողել է իր մեքենան ու մեկ այլ մեքենայով փախչել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ շնորհիվ ոստիկանները պարզել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. ձեռնարկվում են միջոցառումներ նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: