Կրակոցներ Բանավան թաղամասում. հասարակական կարգը կոպտորեն խախտած անձը բերման է ենթարկվել
Հունիսի 29-ին լույսը նոր էր բացվել, երբ Երևանի Բանավան թաղամասի բնակիչները կրակոցների ձայն լսեցին: Ավելի ուշ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. Բնակիչներից մեկը, թեև ենթադրում էր, որ շների վրա են կրակել, այնուամենայնիվ, խնդրում էր ոստիկաններ մոտենան: 
 Օպերատիվ խումբը նշված հասցե մեկնեց: Քիչ անց Նոր Նորքի քրեական հետախույզներին միացան Երևան քաղաքի վարչության գործընկերները: Պարզվեց, որ ժամը 6.30-ին Բանավան թաղամասի բակերից մեկի այգում նույն թաղամասի 43-ամյա մի բնակիչ իր հրացանից կրակոցներ էր արձակել՝ խախտելով հասարակական կարգը: 
 Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 պարկուճ: 
 Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 43-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:
 Հրացանը հայտնաբերվել ու վերցվել է: 
 Նշանակվել է փորձաքննություն: 
 Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					