Հաղարծինցի տղամարդը հրդեհել էր թեղուտցու խոտի դեզը
Հունվարի 3-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Թեղուտ բնակավայրում խոտի դեզ է այրվում:
Պատահարի ստուգման ընթացքում թեղուտցի 44-ամյա տղամարդը հայտնել է, որ Թեղուտ բնակավայրի Սարի հողեր հանդամասում հրդեհվել է իրեն պատկանող մոտ 30 տոննա խոտի դեզը: Նա նաև հայտնել է, որ հրդեհից քիչ առաջ ինքը ծխախոտի մնացորդը նետել է դեզից քիչ հեռու, և հնարավոր է՝ հրդեհն առաջացած լինի ծխախոտի մնացորդից:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Դիլիջանի և Իջևանի բաժինների ծառայողները Իջևանի բաժին են հրավիրել Հաղարծին բնակավայրի 35-ամյա և 28-ամյա երկու բնակչի: Բացատրական աշխատանքի արդյունքում 35-ամյա երիտասարդը խոստովանել է, որ հունվարի 3-ի ժամը 20.40-ի սահմաններում ինքն է բենզինի միջոցով հրկիզել թեղուտցու խոտի դեզը: Տուժողին պատճառվել է 1 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
35-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: