Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը
Ապրիլի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։
Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատուկ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար, որը սկիզբ է առել դեռևս 1999 թ. հունիսի 10-ին Թբիլիսիում ստորագրված քառակողմ համաձայնագրի հիման վրա։
Ներքին գործերի նախարարը հատկապես առանձնացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի բաղադրիչներից մեկի՝ «Ոստիկանության բարեփոխումների» շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։
Վահե Ղազարյանը ընդգծել է այն մեծածավալ աշխատանքները, որոնք մինչ այժմ իրականացվել են ծրագրի շրջանակներում, մասնավորապես՝ կրթական ծրագրերի արդիականացման, մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավման, ոստիկանական գործունեության մեջ կանանց ներգրավվածության ապահովման, թվային վերափոխման և այլ ուղղություններով:
Նաթիա Նացվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Վահե Ղազարյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչը, ներկայացնելով սերտ համագործակցության շնորհիվ կյանքի կոչված ծրագրերը, հատուկ ընդգծել է ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտները։ Նա առանձնացրել է հատկապես պարեկային ծառայության ստեղծումը, ծառայությունում կանանց ներգրավվածության բարելավման, կրթական ոլորտի, ստորաբաժանումների աշխատանքի հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման ուղղությամբ աշխատանքները։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր խոսքում նույնպես կարևորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ սերտ փոխգործակցությունը՝ նշել է հետագա ուղղությունների, ճանապարհային քարտեզի ձևավորման և շարունակական համագործակցության մասին։
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի իրականացմանը: Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել այն նախաձեռնելու համար, ինչի շրջանակներում առաջարկվող ծրագրային լուծումները հնարավորություն կտան համապատասխան տվյալների արդյունավետ հավաքագրման, մշակման և վերլուծության միջոցով հնարավորինս արագ և ճշգրիտ գնահատել առկա խնդիրները՝ բարձրացնելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը։