Կոտայքի մարզի պարեկները հայտնաբերել են գողացված մեքենան, որի վրա տեղադրված էին գողացված այլ մեքենայի համարանիշերը
Դեկտեմբերի 9-ի ժամը 23.45-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ իր «Մերսեդես G500» մակնիշի մեքենան վաճառելու մասին «Լիստ.ամ» կայքում հայտարարություն է տեղադրել, ինչից հետո Հայկ ներկայացած անձը մեքենան գնելու համար զննելու պատրվակով փախցրել է այն՝ պատճառելով 58 000 դոլարի վնաս:
Մինչ այդ մեքենա փախցնելու դեպք էր գրանցվել ոստիկանության Կոտայքի բաժնում. դեկտեմբերի 9-ի ժամը 17.35-ին հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ի ժամը 1-ից դեկտեմբերի 8-ի ժամը 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Երևան-Սևան մայրուղու՝ Արծվի թևեր հատվածում կայանված իր «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան:
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի գումարտակի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված հանցագործությունները կատարել են Երևանի՝ 23-ամյա և Չարենցավանի՝ 36-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Հետագա ձեռնարկած միջոցառումներով Նոր Գեղիի վարչական տարածքում հայտնաբերվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել գողացված «Մերսեդես G 500» մակնիշի մեքենան, որի վրա տեղադրված էին գողացված «Ռենջ Ռովեր 4,4»-ի համարանիշերը:
Քրեական վարույթը շարունակվում է: