Հանդիպում ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ
22.03.2013 10:26
Ընդունելություններ
Մարտի 21-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիպում ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց հանդիպման մասնակից ոստիկանության ներկայացուցիչներին ու հավաստեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ հանգամանալից և առարկայական քննարկում ծավալելու պատվիրակությանը հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ:
ԵԽ նախարարների կոմիտեի պատվիրակության ղեկավար Ուրսուլա Գաշեկը նշեց, որ իրենց առավելապես հետաքրքրում է ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը և այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը:
Արթուր Օսիկյանը ներկայացրեց իրականացված բարեփոխումների ուղղությունները՝ անդրադառնալով ԵԱՀԿ ակտիվ աջակցությամբ համայնքային ոստիկանության ձևավորման ընթացքին, ոստիկանությունում քաղծառայության համակարգի ներդրմանը, հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացված կառուցվածքային փոփոխություններին, ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացմանը և այլն:
Նշվեց, որ բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, և այդ նպատակով ոստիկանությունում գործում է հատուկ ստորաբաժանում:
Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության և միջազգային կառույցների համագործակցությանը՝ նշելով, որ հաճախ այն վերածվում է գործընկերության՝ իր զգալի նպաստը բերելով ինչպես բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ ոստիկանության արդիականացման ծրագրերը նախատեսված ժամկետներում կենսագործելուն:
Խոսելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման և փոխհամագործակցության ժամանակակից դրսևորումների մասին՝ շեշտվեց մասնավորապես ոստիկանության պաշտոնական կայքէջի կարևորությունը, որը հասարակությանը հրատապ տեղեկատվություն և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելուց բացի, ապահովում է նաև հետադարձ կապը քաղաքացիների հետ, որոնք կարող են կայքէջում ուղղղակիորեն հանդես գալ իրենց հարցադրումներով և համապատասխան ստորաբաժանումներից կարճ ժամանակամիջոցում ստանալ մեկնաբանություններ ու պարզաբանումներ:
Հանդիպման ընթացքում սպառիչ պատասխաններ տրվեցին պատվիրակության ներկայացուցիչների բոլոր հարցերին, քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լայն շրջանակ: