ՆԳ նախարարությունում տեղի ունեցավ անչափահասների անվտանգության ապահովման վերաբերյալ աշխատանքային հանդիպում
Փետրվարի 7-ին ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ անչափահասների անվտանգության ապահովման և նրանց վտանգներից զերծ պահելու վերաբերյալ աշխատանքային հանդիպում-քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ և երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը:
Քննարկվեցին անչափահասների կողմից հիմնականում դպրոցներում սառը զենքի և այլ վտանգավոր ու վնասակար առարկաների կրման և գործածման դեպքերը կանխելու, նրանց արատավոր երևույթներից զերծ պահելուն ուղղված միջոցառումներ:
Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը անչափահասներին վտանգավոր երևույթներից զերծ պահելու առումով կարևորեց միջգերատեսչական համագործակցությունը և պատկան մարմինների աջակցությունը:
Առաջարկներ հնչեցին դպրոցներում արգելվող իրերի ցանկ ստեղծելու վերաբերյալ:
Հանդիպման մասնակիցները ողջունեցին նախաձեռնությունը, հանդես եկան այլ առաջարկներով և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցությունը: