Հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի նորակառույց շենքը
15.03.2013 20:05
Համակարգի լրատու
Մարտի 15-ին հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի նորակառույց շենքը:
Ոստիկանության բաժնի նորակառույց շենքի բացմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
Արարողությունից հետո հյուրերը շրջեցին բաժնում, ծանոթացան ոստիկանների աշխատանքային նոր պայմաններին, նավիգացիոն սարքերով հագեցված պարեկային խմբերի կողմից տարածքի վերահսկման համակարգին, եղան հաշվեցուցակային զենքի ու անհատական միջոցների պահասենյակում, նիստերի դահլիճում, տեղեկացան նոր անձնագրային բաժանմունքի հնարավորություններին:
Նորակառույց շենքը ոչ միայն լիարժեք պայմաններ է ապահովում ոստիկանների աշխատանքի և հանգստի համար, այլև բաժնի վետերաններին հնարավորություն կտա ավելի արդյունավետ համագործակցելու գործող իրավապահների հետ, իսկ քաղաքացիներին՝ ժամանակակից ու հարմարավետ պայմաններում օգտվելու ոստիկանության, մասնավորապես՝ անձնագրային բաժանմունքի ծառայություններից:
Նորակառույց բաժնում շրջայցից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: