Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքը շարունակվում է։
Փետրվարի 24-ին ոստիկանության Գավառի բաժին եկած 56-ամյա տղամարդը կամավոր հանձնեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Գավառի բնակչի հայտնածով՝ հրազենը պատկանել է նախորդ տարի մահացած հորը։ Այն գտել է տանն ու բերել ոստիկանություն։
Արարատի մարզի Այգեպատ գյուղի 39-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով ատրճանակ՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ աներոջը։
Փետրվարի 22-ին ոստիկանության Նաիրիի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Նոր Երզնկա գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է բերել հանգուցյալ հոր ականը, նռնակն ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտները։ Բուժական գյուղի բնակիչ, 79-ամյա մի տղամարդ էլ բաժին է բերել հանգուցյալ որդու «Ֆ 1» տիպի նռնակը, սվին դանակն ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտները՝ հայտնելով, որ դրանք գտել է գոմի տանիքը մաքրելիս։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Սիսիանի բնակիչ, 66-ամյա տղամարդը կամավոր հանձնեց «Կարաբին» տիպի հրացանի մեխանիզմով ինքնաշեն հրացան՝ նախատեսված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ զենքն իրենն է․ պահել էր ավտոտնակում։
Ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Հրազդանի բնակիչ, 58-ամյա մի կին բաժին է բերել հանգուցյալ ամուսնու «Կարաբին» տեսակի հրացանը, ինքնաձիգի պահունակ և 40-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է խորդանոցը մաքրելիս։
Թալինի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Զովասար գյուղի 28-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է կարճացված փողով հրացան, նռնակներ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։
Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված հրացան, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 400-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: