Հարգանքի ու երախտագիտության տուրք՝ զոհված ոստիկանների հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ուղիղ մեկ տարի առաջ զինված անձանց խումբը խուժեց ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք:
Մեկ տարի առաջ հասարակական կարգի վերականգնման և հանրային անվտանգության ապահովման իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս ոստիկանության ծառայողներ զոհվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին:
Այդ ողբերգական իրադարձություններից ուղիղ մեկ տարի անց՝ հուլիսի 17-ին, հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ ժամանակների մեջ հավերժացնելով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անունները:
Կատարվեց հոգեհանգստի կարգ:
Արարողությանը մասնակցում էին ոստիկանության ղեկավարությունը, զոհված ոստիկանների հարազատները, քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականության, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ:
Հուշատախտակին ծաղիկներ խոնարհեցին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, մշակույթի, գիտության գործիչներ, հասարակական, երիտասարդական, ստեղծագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, պարզապես մարդիկ, հազարավո՛ր մարդիկ, որ գալիս էին արդեն առավոտից՝ հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցելով իրենց անվտանգությունն ու ապահովությունը կյանքի գնով պահպանած իրավապահների պայծառ հիշատակին: