Հարսին դանակահարած սկեսուրը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Նոր Խարբերդի առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: 
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Քիչ անց ահազանգ ստացվեց նաև հիվանդանոցից: Նշված հասցեից շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով 25-ամյա աղջկան տեղափոխել էր բժշկական կենտրոն: 
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողին մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է: 
Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ սկեսուրը դանակով հարվածել էր հարսին: 
Սեպտեմբերի 28-ին, ժամը 01.30-ի սահմաններում, կասկածվողը բերման է ենթարկվեց ոստիկանություն և ձերբակալվեց: 
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դանակն առգրավվել է: 
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					