Ոստիկանները հետապնդել ու բռնել են «Մերսեդեսը» փախցրած տղամարդուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում 40-ամյա մի տղամարդ հաղորդում տվեց, որ մեքենան կանգնեցրել է Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում, մտել խանութ, իսկ արդեն դուրս գալիս տեսել է, որ «Մերսեդեսը» գողացել են։ Մեքենայի դռները բաց են եղել, բանալին էլ՝ սրահում։
Մասիսի քրեական հետախույզները փախցված մեքենան թարմ հետքերով հայտնաբերելու նպատակով կողմնորոշումներ ուղարկեցին տարածքային ստորաբաժանումների գործընկերներին, ինչպես նաև ճանապարհային ոստիկաններին։ Հայտարարվեց ավտոհետախուզում։
Դեպքից ժամեր անց՝ հոկտեմբերի լույս 29-ի գիշերը «Մերսեդեսը» հայտնվեց Դիլիջանի ոլորաններում ուժեղացված ծառայություն իրականցրած Դիլիջանի բաժնի աշխատակիցների և ճանապարհային ոստիկանների տեսադաշտում։ Վարորդը, չենթարկվելով ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին, դիմեց փախուստի։ Ոստիկանները հետապնդեցին։
Ի վերջո, ոստիկանության ծառայողները հարկադրաբար կանգնեցրեցին «Մերսեդեսը» և վարորդին բերման ենթարկվեց ոստիկանության Դիլիջանի բաժին։ Վանաձորի բնակիչ, 31-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։
Դեպքի վերաբերյալ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերն ու «Մերսեդեսը» հանձնվել են Մասիսի բաժին, որտեղ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է կատարվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: