Չնախատեսված հանգամանքներ, հետապնդում ու նախազգուշական կրակոց
Ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արզնի գյուղի և Աբովյան քաղաքի 28 ու 33 տարեկան երկու բնակիչ թմրամիջոց են պահում և իրացնում։ Հուլիսի 25-ին քրեական հետախույզները կանգնեցրին աբովյանցու «ՈՒԱԶ»-ը, մոտեցան ու պարզաբանեցին, որ ձերբակալվում են թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով: Պահանջեցին իջնել ավտոմեքենայից: Եվ հենց այստեղ սկսվեց անկանխատեսելին: Վարորդը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, մեքենան վարեց հետընթաց, հարվածեց հետևում կանգնած «Ֆորդին», ապա դուրս գալով մայթ և իրական վտանգ ստեղծելով քաղաքացիների համար՝ դիմեց փախուստի։
Եվ ինչ դետեկտիվ` առանց հետապնդման: Ավտոմեքենան շուտով հայտնաբերվեց Նոր գյուղի 4-րդ փողոցում, բայց մեջը մարդ չկար: Ոստիկանները նկատեցին, որ վարորդը և ուղևորը ոտքով փախչում են դաշտերի միջով։ Նրանց հետևից վազելիս իրավապահները մի քանի անգամ էլ պահանջեցին կանգնել, բայց՝ ապարդյուն: Ի վերջո, օպերլիազորներից մեկը ատրճանակից նախազգուշական կրակոց արձակեց օդ, և միայն դրանից հետո Արզնի գյուղի բնակիչ, 28-ամյա տղամարդը կանգնեց: Ժամը 11.30-ն էր, երբ նա ձերբակալվեց, իսկ աբովյանցի վարորդը շարունակեց փախուստը։ Բայց այլևս ռիսկի դիմելու խնդիր չկար. հետապնդումը դադարեցվեց, իսկ Արզնիի բնակիչը տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթե փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում աբովյանցին ևս հայտնաբերվեց Աբովյան-Արամուս ճանապարհին, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին։
«ՈՒԱԶ-ը» տեղափոխել է պահպանվող հատուկ տարածք։
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: