Հերթական բացահայտումը մայրաքաղաքում. փամփուշտներով լիցքավորված «Մակարով», գաղտնի փականով դանակ, թմրամիջոց...
18.05.2013 11:34
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մայիսի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի ծառայողները ապօրինի թմրամիջոց և զենք-զինամթերք պահելու կասկածանքով Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գևորգ Գ.-ին, 1988 թ. ծնված Դավիթ Հ.-ին և 1953 թ. ծնված Արայիկ Գ.-ին՝ վերջինիս «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով:
Անձնական խուզարկությամբ Գևորգ Գ.-ի գոտկատեղից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, իսկ տաբատի գրպանից՝ «SMITH & WESSON» գրառմամբ գաղտնի փականով դանակ 9,8 սմ շեղբի երկարությամբ:
Դավիթ Հ.-ի գրպանից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի 5 փաթեթ: Նա հայտնել է, թմրամիջոցը, 1 փաթեթը 20.000 դրամով, ձեռք է բերել ոմն Գերասից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գերասը Երևանի բնակիչ, 1987 թ. ծնված Գերասիմ Ա.-ն է:
Նույն օրը, ժամը 21-00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ՃՈ 1-ին գումարտակի ծառայողները Երևան քաղաքի Այգեձորի փողոցի թիվ 63 տան մոտ կանգնեցրել են նրա վարած «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից, վարորդի ոտնատեղի տակից, հայտնաբերվել է թղթի փաթեթ՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող զանգվածով: Գերասիմ Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է և պատկանում է իրեն:
Ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո նա հայտնել է, որ մայիսի 17-ին 100.000 դրամով Դավիթ Հ.-ին իրացրել է 5 փաթեթ մարիխուանա թմրամիջոց:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: