Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են հերոին
Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն Աշտարակի քրեական հետախույզներն իրացրին մայիսի 8-ին: Ժամը 18.30-ին Աշտարակի Երևանյան փողոցում նրանք ձերբակալեցին և ոստիկանության բաժին տեղափոխեցին աշտարակցի 53-ամյա մի տղամարդու` իր վարած մեքենայով հանդերձ: Բաժնում տղամարդը հայտնեց, որ մեքենայում կա ափիոն, որը ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով:
53-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց երկու ներարկիչ, որոնցից մեկը՝ մուգ հեղուկով: Հայտնաբերվեցին նաև շագանակագույն զանգվածով փաթեթ ու ծալովի երկու դանակ:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ շագանակագույն զանգվածը հերոին է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: