Տագնապալի ու հերոսական օրերի հիշողությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 6-ին, ավանդույթի համաձայն, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի նախկին ու ներկա աշխատակիցները, համայնքապետարանի ու տարբեր հիմնարկությունների աշխատողներ, նոյեմբերյանցիներ հարգանքի տուրք մատուցեցին 1991 թ. մայիսի 6-ի գիշերը Ոսկեպար գյուղի մերձակա անտառում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ։
Արցախյան ազատամարտի ողբերգական դրվագներից մեկը, դեռ լայնածավալ պատերազմական գործողություններից առաջ, Խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմոնի համատեղ միջոցառումն էր՝ «Կոլցո» օպերացիան, որին զոհ գնացին, նաեւ վիրավորվեցին ու գերեվարվեցին Հայաստանի ներքին գործերի նախարարության տասնյակ աշխատակիցներ։ Այդ դավադիր օպերացիայում առանձնահատուկ է Ոսկեպարի ողբերգությունը։
1991 թվականի մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար։ Ոստիկանների 20-հոգանոց խումբը եւ չորս ուղեկցողները ավտոբուսով ու ՙՆիվա՚-ով մեկնում են գյուղ։ Գնում են սարով. Նոյեմբերյանից Ոսկեպար տանող ճանապարհները վտանգավոր էին, ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին։ Մոտ մեկուկես կիլոմետր կար մինչեւ գյուղ, երբ հայտնվում են խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի ծուղակում։ Տասնմեկ ոստիկան զոհվում է տեղում, մյուսները գերեվարվում են։ Նրանցից երեքը զոհվում են ադրբեջանական բանտերում։
Ոսկեպարի մերձակա անտառում տեղի ունեցած ողբերգությունից ժամեր անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափում ու գերի են վերցնում նաեւ գյուղը պաշտպանող քառասունհինգ ոստիկաններին ու դարձյալ հանձնում ադրբեջանցի օմոնականներին։
Գերության մեջ տղաներն անտանելի խոշտանգումների են ենթարկվում, իսկ գերությունից ազատվելուց հետո դարձյալ զիվորագրվում են սահմանների պաշտպանությանը։
Ոսկեպարյան ողբերգությունից 28 տարի անց տագնապալի ու հերոսական օրերի հիշողությունը մարդկանց նորից համախմբել էր հուշահամալիրի մոտ...