ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ
06.07.2013 18:33
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիսի 6-ին տեղի ունեցավ ոստիկանության Կենտրոնականի բաժնի նոր շենքի բացումը, որը հերթական լուրջ քայլն է համակարգի ծառայությունների աշխատանքային պայմանների բարելավման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը շրջայց կատարեց նորաբաց վարչական շենքում, ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին և անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի նորակառույց վարչական շենքի շահագործումը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների կատարելագործման, անհրաժեշտ տեխնիկական ու նյութական ապահովման, ծառայությունը ժամանակակից եղանակներով կազմակերպելու առաջնահերթություններից էր:
Նորամուտը նախևառաջ ոգևորությամբ են ընդունում հենց իրենք՝ ոստիկանները, քանի որ աշխատանքը նորովի և լիարժեք կազմակերպելու հնարավորություններ են նախանշվում:
Բաժնի նախկին շենքն անբարեկարգ էր և անհարմարավետ. փայտե հատակներ ու ծածկեր, ծառայության կազմակերպման և քաղաքացիների ընդունելության անբավարար պայմաններ, ինչը ոչ միայն անհարիր էր մայրաքաղաքային ոստիկանական բաժնին, այլև խանգարում էր ծառայողական պարտականությունների լիարժեք իրականացմանը:
Նորակառույց վարչական շենքը, որը զբաղեցնում է 4500 քմ ընդհանուր մակերես, ունի չորս վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկեր, պահպանված են շինարարական բոլոր նորմերը, շուրջ 80 հարմարավետ աշխատասենյակները հագեցված են անհրաժեշտ գրասենյակային կահույքով ու տեխնիկայով, գործում է ժամանակակից կապի համակարգ, գործառնական պահանջներին լիարժեք համապատասխանող հերթապահ մաս, նիստերի և խորհրդակցությունների դահլիճ, անձնագրային ծառայության սրահ՝ այցելուների ընդունելության և պատշաճ սպասարկման բոլոր պայմաններով, ստորգետնյա ավտոկայանատեղի և այլն:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի նորակառույց շենքի շահագործումով ևս մեկ քայլ արվեց համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին, որի նպատակը նոր ոստիկանության ձևավորումն է, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը, բոլոր պայմանների ապահովումը հանցավորության դեմ պայքարի, հանրությանը լիարժեք ծառայություն մատուցելու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար:








