ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է
01.02.2013 19:34
Պարզաբանում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012 թ. հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր՝ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով կամ զինվորական գրքույկով, եթե քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակով: Ընտրողը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով կամ նույնականացման քարտով ընտրությանը չի կարող մասնակցել:
Եթե քաղաքացին քվեարկության օրը չի կարող ներկայացնել անձնագիր` այն կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու պատճառով, կարող է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն` ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար:
Քաղաքացին դիմումը պետք է ներկայացնի անձամբ:
Դիմումի հետ ներկայացվում է 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար:
Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար պետական տուրք չի գանձվում: Այն տրվում է դիմում ներկայացնելուց հետո անմիջապես: