ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնը հյուրընկալվել էր ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
24.09.2013 17:09
Ընդունելություններ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնին:
Անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ Ջոն Հեֆեռնը կարևորեց, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսևորել են հանդուրժողականություն և զերծ մնացել ուժային մեթոդներից: Միևնույն ժամանակ, դեսպանը հետաքրքրվեց որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաև, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության դիրքորոշումն այդ դեպքերի վերաբերյալ, տեղեկացրեց միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի, նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին:
Ջոն Հեֆեռնը հույս հայտնեց, որ որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը:
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանությունը շարունակում է աշխատել բաց ու թափանցիկ, իրականացնում է հրապարակային գործունեություն և վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձևավորմանն ուղղված բարեփոխումներն ավարտին հասցնելու իր հանձնառության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


