Շքամուտքում դանակահարված տղամարդը մահացել է․ Հրազդանի ոստիկանները բացահայտել են սպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 26-ի առավոտյան Հրազդանի Կենտրոն թաղամասի 43-րդ շենքի իր բնակարանից շտապօգնության մեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն տեղափոխվեց 66-ամյա մի տղամարդ։ Կրծքավանդակին կտրած-ծակած վնասվածքներ կային, որոնք կյանքի հետ անհամատեղելի էին․ դանակահարված տղամարդը մահացավ։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Հրազդանի բաժնի քրեական հետախույզները առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով ակտիվ համագործակցեցին քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների հետ։ Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Անդրադառնանք որոշ մանրամասների։ Տարադրամի առք ու վաճառքով զբաղվող տղամարդը վաղ առավոտյան բնակարանից դուրս էր եկել աշխատանքի գնալու և շքամուտքի աստիճանահարթակին դանակահարվել։ Արդեն վնասվածքներ ստացած և արնաքամվելով բարձրացել էր տուն ու գիտակցությունը կորցրել։ Տնեցիները 1-03 էին զանգահարել։ Ժամանած շտապօգնությունը նրան հասցրել էր բուժհաստատություն։ Շուտով հայտնի դարձավ, որ կատարվածը մի հոգու ձեռքի գործ չէ․ աշխատանքի շտապող տղամարդուն շքամուտքի աստիճանահարթակին երկու հոգի էին սպասել՝ երկուսն էլ երիտասարդ տղաներ։ Վարկածը հիմնավորվեց օր ու գիշեր ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում։ Նոյեմբերի 27-ին՝ կեսգիշերին մոտ, ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկվեց Հրազդանի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ։ Նոյեմբերի լույս 28-ի գիշերը բերման ենթարկվեց մյուսը՝ 18-ամյա երիտասարդը, որը սպանվածի հարևանն է։ Նրանք ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարորղ մարմնին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը պարզելու նպատակով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: