Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ` հարակից Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում, հայտնաբերել է 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի  դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:  
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է  5.45 մմ տրամաչափի կրակված  9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական  2  փամփուշտ:
Պարզվել է նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Փաստի առթիվ  ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: