ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի կողմից 19.08.2014 թ. «aravot.am» ինտերնետային կայքէջում զետեղված հայտարարության վերաբերյալ
ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի կողմից 19.08.2014 թ. «aravot.am» ինտերնետային կայքէջում զետեղված հայտարարությունն առնվազն տարակուսանք է առաջացնում: Այն միտված է խեղաթյուրելու հասարակական կարծիքը, մասնավորապես` ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների, ոստիկանություն ու հասարակական, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների փոխհամագործակցությամբ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ` փորձելով ստվեր գցել ոստիկանության որդեգրած բաց և թափանցիկ գործելաոճի վրա:
ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) հետ, հանդիպումներ է ունենում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական և ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման դեմ կոմիտեների ներկայացուցիչների հետ, որոնց պարբերական զեկույցներում արտացոլվել են հիշյալ ոլորտում ոստիկանության կողմից իրականացվող բարեփոխումների և առաջընթացների վերաբերյալ դրական տեղաշարժեր:
Չներկայացնելով որևիցե փաստարկ` դիտորդների խումբը չհիմնավորված հայտարարություն է տարածել իր հասարակական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության, բազմիցս նախաձեռնել է հանդիպում-քննարկումներ, որոնց իրենց մասնակցությունն են ունեցել նաև ոստիկանության շահագրգիռ և ոլորտի հետ առնչություն ունեցող ծառայությունների ներկայացուցիչները` հիմնավորված պարզաբանումներ տալով ՀՀ ոստիկանության պետի 2005 թ. հունվարի 14-ի թիվ 1-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգ»-ի մի շարք կետերի վերաբերյալ:
Ոստիկանության համապատասխան ծառայությունները մշտապես գործել են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների շրջանակներում, և երբևիցե իրենց գործողություններով չեն սահմանափակել դիտորդների խմբի լիազորություններն ու չեն խոչընդոտել նրանց կողմից իրականացվող աշխատանքները: Հակառակը, ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության կողմից մշակվել են մի շարք մեթոդական ձեռնարկներ, տարածքային ստորաբաժանումներ են ուղարկվել հանձնարարականներ` դիտորդների խմբի գործունեությանը նպաստելու, նրանց հետ փոխհամագործակցության աշխատանքներն արդյունավետ դարձնելու և օժանդակելու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ դիտորդների խմբի կողմից իրականացվող մոնիտորինգը մեծապես նպաստում է ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Դիտորդների խմբի կողմից ՁՊՎ-ներ այցելությունների ընթացքում արձանագրված թերությունների և խախտումների վերաբերյալ ներկայացված ընթացիկ հաշվետվությունների հիման վրա կատարվում են ծառայողական քննություններ, իրենց գործառութային պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանության ծառայողները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, իսկ ներկայացված խնդիրները լուծելու և թերությունները վերացնելու ուղղությամբ տրվում են համապատասխան հանձնարարականներ, ինչի մասին պարտադիր իրազեկվում է դիտորդների խումբը:
Վերջին ժամանակներում դիտորդների խումբը փորձում է դուրս գալ իրեն վերապահված ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005 թ. թիվ 1-Ն հրամանով սահմանված լիազորությունների շրջանակներից` մասնավորապես. ՁՊՎ-ների վարչակազմից, առանց ձերբակալվածների համաձայնության, պահանջում է ՁՊՎ-ներում պահվող անձանց վերաբերյալ կազմված անձնական գործերը, ինչը հակասում է ՀՀ սահմանադրության, «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև վերը նշված հրամանի պահանջներին ու խմբի կողմից հաստատված էթիկայի կանոններին, ինչի կապակցությամբ ոստիկանությունը հայտնել է իր մտահոգությունը:
Ըստ երևույթին, ոստիկանության կողմից նշված իրավական ակտերի պահանջներով ղեկավարվելու ու առաջնորդվելու և օրենքի տառը պահպանելու հանգամանքն է առաջացրել դիտորդների խմբի «զայրույթը»:
ՀՀ ոստիկանությունն այսուհետ ևս իրականացնելու է օրենքով իր առջև դրված խնդիրները, խստորեն պահպանելու է օրենքի պահանջները` թույլ չտալով որևէ ինքնագործունեություն և օրենքով նախատեսված իրավունքների գերազանցում:
Դրա հետ մեկտեղ, ՀՀ ոստիկանությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը դիտորդների խմբի հետ, քննարկել վերջիններիս կողմից ներկայացված հիմնախնդիրները և ռացիոնալ առաջարկները, որոնք կնպաստեն ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
ՀՀ ոստիկանության շտաբ