Ճանապարհային ոստիկանությունում քննարկվել են զբոսաշրջիկների ուղևորափոխադրման վերաբերյալ հարցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս զբոսաշրջիկների ուղևորափոխադրումներով զբաղվող մի խումբ քաղաքացիներ դիմել էին ՀՀ վարչապետին` զբոսաշրջային ծառայություններ մատուցող տրանսպորտային միջոցների համար առանձնացված կայանատեղիներ ստեղծելու խնդրանքով` միաժամանակ նշելով, որ բալային համակարգի ներդրումից հետո հիշյալ տրանսպորտային միջոցների վարորդները հյուրանոցների մոտ մեքենաները երկրորդ շարք կանգնեցնելու դեպքում վարչական տույժի են ենթարկվում: Փետրվարի 12-ին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ բարձրացված խնդրի շուրջ տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը, վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման ընթացքի ապահովման բաժնի պետ Հայկ Սիմոնյանը, տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, զբոսաշրջության պետական կոմիտեի և քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ինչպես է պետք տարբերել անհատ փոխադրողների տրանսպորտային միջոցները մասնագիտացված զբոսաշրջային ծառայություններ մատուցող տրանսպորտային միջոցներից: Ի՞նչ տարբերանշաններ պետք է ունենան հիշալ ավտոբուսները: Կայանատեղիների մոտ ճանապարհային ոստիկանությունը երթևեկության ի՞նչ նշան պետք է տեղադրի: Մայրաքաղաքի որ հատվածներում և ի՞նչ չափորոշիչներով է հնարավոր կառուցել կայանատեղիներ և այլն: Ինչ վերաբերում էր ավտոբուսները երկրորդ շարքում կայանելու հնարավորությանը, ապա ճանապարհային ոստիկանության պետը հիշեցրեց, որ երթևեկության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Հանդիպման ընթացքում որոշվեց, որ շահագրգիռ կառույցները, այդ թվում` ճանապարհային ոստիկանությունը, մինչև փետրվարի 25-ը գրավոր առաջարկություններ ներկայացնեն զբոսաշրջության պետական կոմիտե, որն էլ առաջարկությունների հիման վրա Կառավարությանը կներկայացնի նախագիծ: