Քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է
Մայիսի 31-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Արմավիր» ՔԿՀ տանող ճանապարհին տղամարդու դիակ կա:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Էջմիածին քաղաքի 58-ամյա բնակիչ Մեխակ Թ.-ի դիակը՝ մարմնական վնասվածքների հետքերով:
Դեպքի առթիվ հունիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և կատարված հետաքննությամբ տեղեկություններ են ստացվել, որ Մեխակ Թ.-ին ոչ թե դիտավորությամբ կյանքից զրկել են, այլ իրականում վրաերթի են ենթարկել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 31-ին, ժամը 01.30-ի սահմաններում, նրան վրաերթի էր ենթարկել «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը և, անօգնական թողնելով, հեռացել էր դեպքի վայրից:
Հուլիսի 11-ին «Ֆորդի» 28-ամյա վարորդը, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կասկածանքով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և, «Ֆորդ» մեքենայով հանդերձ, ներկայացվել է վարույթ նախաձեռնող մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: