Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են կես կիլոգրամից ավելի մարիխուանա
Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հոկտեմբերի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է Երևանից թմրանյութ տեղափոխել Գյումրի։
Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Աշտարակի բաժնի գործընկերների հետ, և նույն օրը Երևան-Աշտարակ ճանապարհին գյումրեցի տղամարդը ձերբակալվեց և, ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեց Աշտարակի բաժին։
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծալովի դանակ, իսկ մեքենայի խուզարկությամբ` երկու փաթեթ, որոնք լցված էին 72 և 436 գրամ քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածով։
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: