Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ներկայացավ ոստիկանություն
Ապրիլի 18-ին պոլիկլինիկայից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և ազդրերի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ: Նրան այնուհետև շտապօգնության կարգախումբը բուժօգնության է տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ոստիկանության Մաշտոցի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը:
Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 19-ին հրազդանցի 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: