Մեքենաներից արված գողությունները բացահայտվեցին
Մայիսի 30-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ կեսգիշերից մինչև ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Ռուսթավելու փողոցում կայանված իր «ԲՄՎ»-ի ապակին և սրահից գողացել տեսախցիկ, նոթբուք, կոշտ սկավառակ, էլեկտրական կիթառ, մեքենայի տեխանձնագիրը, իր վարորդական իրավունքի վկայականն ու գումար:
Նմանատիպ գողություններ մայրաքաղաքի կենտրոնում եղել էին նաև նախկինում: Ձեռագիրը նույնն էր: Հունվարի 21-ի ցերեկը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Պարոնյան փողոցում կայանված «Մերսեդեսի» սրահից գողացել էին տրակտորի համար նախատեսված ֆիլտրեր:
Ապրիլի 16-ին, ժամը 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Դեմիրճյան փողոցում կայանված մի «Մերսեդեսի» ապակին էին կոտրել ու սրահից տարել պայուսակ, մեջը` գումար, բանկային քարտեր ու փաստաթղթեր:
Ապրիլի 25-ի երեկոյան կոտրել էին Լեոյի փողոցում կայանված «Ֆորդի» ապակին ու կրկին տարել պայուսակ` գումարով:
Նույն օրը, գրեթե նույն ժամին, կոտրել էին Պարոնյան փողոցում կայանված մի «Ինֆինիտիի» ապակին ու գողացել դրամապանակ և անձնագիր:
Դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր, որոնց շրջանակներում Կենտրոնականի քրեական հետախույզները ժամանակին ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, սակայն ականատես վկա կամ կողմնորոշիչ որևէ հանգամանք հայտնաբերել չէր հաջողվել: Նրանք վարկած էին առաջ քաշել, որ հիշյալ բոլոր գողությունները նույն անձի ձեռքի գործն են, և չէին սխալվել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք, ի վերջո, ստացան տվյալ, որ գողությունները կարող է կատարած լինել մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ: Հետագա գործողությունների, նաև բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 8-ին կասկածվողն ինքնակամ եկավ ոստիկանության Կենտրոնական բաժին և ներկայացվեց քննչական բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: