Մոսկվայում անցկացված «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնից ՀՀ ոստիկանության ներակայացուցիչները վերադարձան հաղթանակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26.04.2013 15:52
Համակարգի լրատու
Ապրիլի 17-ից 21-ը ՌԴ մայրաքաղաքում անցկացվեց դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնը։ Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Իրավապահ մարմինների գործունեության թեմաներով կինո եւ հեռուստափառատոն ունենալու գաղափարը կազմակերպիչների մոտ ծնվեց 1998 թվականին։ 15 տարիների ընթացքում փառատոնը ընդլայնեց իր շրջանակները։ Փառատոնի հիմնական նպատակը դետեկտիվ կինոյի եւ քրեական թեմաներով հաղորդաշարերի միջոցով իրավապահ մարմինների աշխատանքի եւ իրավապահի կերպարի հանդեպ հասարակական վստահության ու հարգանքի մթնոլորտի ձևավորումն է, այն գիտակցության ամրապնդումը, որ իրավապահներն են հասարակության պաշտպանն ու հասարակական անդորրի երաշխավորը։
15-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողության ժամանակ փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը ողջունեց հյուրերին եւ խոստացավ, որ թե կազմակերպիչները եւ թե ժյուրիի անդամները կլինեն անաչառ եւ արդարամիտ։
Հոբելյանի կապակցությամբ փառատոնի կազմակերպիչներին եւ մասնակիցներին ողջույնի խոսք էր հղել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Այն ընթերցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Բացման պաշտոնական ավարտին հաջորդեցին փառատոնի աշխատանքները։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «02» հաղորդաշարը ներկայացված էր «Հանցագործություն եւ պատիժ» անվանակարգում։ Ի դեպ, այս անվանակարգն ամենաընդգրկունն էր մասնակիցների թվով եւ աշխարհագրությամբ։ Մեր մրցակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլեւ՝ Իսրայելի, Իտալիայի, Բուլղարիայի, Ավստրալիայի, Քենիայի եւ այլ երկրների հեռուստաընկերություններ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը փառատոնին ուղարկել էր արդեն իսկ եթեր հեռարձակված «02» հաղորդաշարերից մեկը։
Հնգօրյա աշխատանքներն ամփոփվեցին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մշակույթի տան դահլիճում։
Փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ հոբելյանական 15-րդ փառատոնին ամենայն պատրաստականությամբ մոտենալու համար, այնուհետեւ հնչեցին մրցանակակիրների անունները։
«02»-ի ստեղծագործական խումբն իր աշխատանքը ներկայացրել էր «Հանցագործություն եւ պատիժ» խորագրի ներքո եւ այդ անվանակարգում էլ հաղթանակ տոնեց՝ արժանանալով փառատոնի «ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ»-ին:
Եվ այսպես, սա ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հերթական եւ կարեւորագույն ձեռքբերումներից Էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես Էլ գաղափարախոսկան եւ քարոզչական աշխատանքների առումով, իսկ գլխավորը՝ ամենօրյա աշխատանքն Է ՀՀ ոստիկանության գործունեության լուսաբանման, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման գործում իրավապահների դերի արժևորման, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: