Ոչ թե ցնցող հրապարակումներ անելու, այլ սպառիչ տեղեկատվություն տրամադրելու մտահոգությամբ
«Ժամանակ» օրաթերթը ««Բանդան» ոստիկանների անվան տակ ներթափանցել է հիվանդանոց...» վերնագրով հրապարակում է արել սեպտեմբերի 3-ին Երևանի թիվ 1 հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Հոդվածագիրը նշում է, որ քաղաքացիական հագուստով անձինք մտել են հիվանդանոց ու ներկաներին ծեծելով-ջարդելով տարել վիրահատվող մորը այցի եկած` հետախուզվող Նարեկ Թադևոսյանին:
Հոդվածագիրը չի զլացել թերթի մեկ էջ բռնած հոդվածում մանրամասն բերել միջադեպի մասնակիցների ու ներկաների պատմածն ու մեկնաբանածը, համաձայն որոնց` բռնարարները չներկայացած ու փաստաթուղթ չներկայացրած ոստիկաններ են: Եվ այսպիսի մանրակրկտությամբ հանդերձ` անտեսել է միջադեպի այդ կողմի` ոստիկանության կարծիքը:
Բոլոր կողմերի տեսակետը ներկայացնելը լրագրության այբուբենն է: Նույնքան այբբենական է ամբողջական լրատվություն տրամադրելու պահանջը: Եթե հոդվածագիրը հետևեր այդ պահանջին ու պարզաբանման համար դիմեր ոստիկանություն, կիմանար, որ ոչ թե «լուսացույցի տակ քաշքշուկ է» կատարվել, այլ Նարեկ Թադևոսյանը հորեղբորորդու հետ 2017 թվականի հունվարի 30-ին Տիգրան Մեծի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում, հետիոտնային անցման վրա ճանապարհը չզիջելու շուրջ վիճաբանել է մի քաղաքացու հետ, բռնություն գործադրելով` ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան, ապա իր մեքենայի սրահից հանած փայտե ձողով խփել է քաղաքացու գլխին` պատճռելով մարմնական վնասվածքներ:
2017 թ. փետրվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել, իսկ մայիսի 10-ին որոշում է կայացվել Նարեկ Թադևոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Հոդվածի հանգուցային կետերից մեկն էլ այն է, որ Նարեկ Թադևոսյանը պատրաստվում էր հանձնվել իրավապահ մարմիններին ու վերջին օրերին նույնիսկ նամակներով դրա մասին տեղյակ էր պահել պատկան մարմիններին: Ընդամենը հիշեցնենք, որ խոսքը մեկ տարուց ավելի հետախուզվողի «կամավոր հանձնվելու» հանկարծահաս որոշման մասին է ու եզրակացությունը թողնենք ընթերցողին...
Իսկ հիմա` բուն միջադեպը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի ավագ օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել, որ 2018 թ. սեպտեմբերի 3-ին, ժամը 11.45-ի սահմաններում, հետախուզվող Նարեկ Թադևոսյանին թիվ 1 համլսարանական հիվանդանոցից բերման ենթարկելիս նրա հայրն ու հորեղբայրը, ինչպես և այլ հարազատներ դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին` հրելով ու հարվածներ հասցնելով, որպեսզի Ն. Թադևոսյանին հաջողվի դիմել փախուստի:
Ժամը 11.58-ին մի քաղաքացուհուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բուժհաստատությունում մեծ վեճ է ու ոստիկան է հարկավոր:
Նարեկ Թադևոսյանի հարազատները ոստիկանությունում տված բացատրություններով հայտնել են, որ ոստիկանության ծառայողները բերման ենթարկելիս ֆիզիկական ուժ են գործադրել նրա և իրենց նկատմամբ:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են ու նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանության պետի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն:
Քանի որ մեր խնդիրը ոչ թե ցնցող հրապարակումներ անելն է, այլ սպառիչ տեղեկատվություն տրամադրելը, հայտնենք, որ քննության ընթացքի մասին հանրությանը կտրվի լրացուցիչ ու պատշաճ տեղեկատվություն: