Յուրացում «Ղ-Տելեկոմ»-ում
25.11.2014 12:43
Յուրացում կամ վատնում
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում ստացվեց, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում:
Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց պարզել, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների սպասարկման և բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար ընկերության գլխավոր պահեստից լիցաքավորման քարտեր ստանալով`ապօրինի վաճառել է, իսկ վաճառքից գոյացած 751 մլն դրամը յուրացման եղանակով հափշտակել` ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Ոստիկանության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին Աշոտ Կույումջյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից էլ ներկայացվել է ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Ըստ կարգի, ոստիկանությունում նախապատրաստաված նյութերը և Աշոտ Կույումջյանը հանձնվել են ՀՀ Քննչական կոմիտեին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: