ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափի յուրացում և պաշտոնեական կեղծիք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետևողական ուսումնասիրման արդյունքում բացահայտեցին պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպք։
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղ.-ն 2014-ից մինչ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, քոլեջի դասասենյակները ջեռուցելու պատրվակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վառելիքի գնման պայմանագրեր է կնքել մատակարար ընկերության հետ։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մատակարարից գնվել է շուրջ 3.000.000 դրամի 8172 լիտր դիզելային վառելիք, բայց դասասենյակները ջեռուցվել են վառելափայտով։ Արմեն Ղ.-ն փայտամթերքի համար վճարել է շուրջ 1.000.000 դրամ կամ գումարի փոխարեն, փոխանակման կարգով հատկացրել է վառելիքի կտրոններ, իսկ մնացած՝ իրեն վստահված շուրջ 2.000.000-ի դիզելային վառելիքը յուրացման եղանակով հափշտակել է։
Այս տարիների ընթացքում ձեռք բերված վառելիքի օգտագործում ցույց տալու համար Արմեն Ղ.-ն կազմել է վառելիքի ելքի կեղծ ապրանքագրեր և բաշխման գրաֆիկներ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օերնսգրքի 179-րդ՝ ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով, և 314-րդ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, հոդվածների հատկանիշներով։
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: