Նա, ով խաբեությամբ գումարներ է հափշտակել, ոստիկանությունում է
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օրերս Երևանի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա խոստովանել է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունները՝ նրանցից խաբեությամբ գումարներ է հափշտակել:
Հաջողվել է հայտնաբերել տուժողներից մեկին. վերջինս հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 14-ին, Նարեկ Ա.-ն, համակարգիչ վաճառելու պատրվակով, իրենից խաբեությամբ վերցրել է 60.000 դրամ և տիրացել գումարին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Ա.-ի գործողություններից տուժած մյուս քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: