ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստը սկսվելուց առաջ Նախագահ Սարգսյանն այցելեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, զրուցեց ծառայողների հետ:
Կոլեգիայի նիստը վարում էր և ծրագրային ելույթով հանդես եկավ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Անդրադառնալով հանցավորության կառուցվածքին և հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման շարժընթացներին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց մի շարք խնդիրներ, որոնց լուծումը կհանգեցնի իրավիճակի սկզբունքային փոփոխության:
Ելույթի ավարտին Վլադիմիր Գասպարյանը կարևորեց համակարգի բարեփոխման անշրջելիությունն ու որակապես նոր ոստիկանության ձևավորման անհրաժեշտությունը:
Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017 թ. ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ- լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ներկայացնելով հանցավորության շարժընթացը՝ զեկուցողը նշեց, որ հաշվետու շրջանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2,2%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների, խարդախությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ինչպես նաև առավել լատենտային բնույթ ունեցող դեպքերի թվի աճով:
Միևնույն ժամանակ, 11,4%-ով նվազել են առանձնապես ծանր և 18,3%-ով՝ ծանր հանցագործությունները, մասնավորապես՝ սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, բնակարանային գողության, ավազակության, կողոպուտի, տրանսպորտային միջոց փախցնելու, խուլիգանության և մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը:
Հաշվետու շրջանում 8,5%-ով աճել է նաև հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը:
78 դեպքով աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, 75,9%-ով՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 16,2%-ով, իսկ բացահայտման արդյունավետությունը՝ 2,3%-ով:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 12,2%-ով, իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 17,8%-ով ։
Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 492 հանցագործության դեպք:
Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձավ ոստիկանության առջև ծառացած խնդիրներին, նախանշեց հետագա անելիքները, ոստիկանության գործունեության առաջնահերթություններն ու նպատակադրումները:
Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ բարեփոխումների արդյունքներին, առանձնացրեց դեռևս առկա որոշ թերացումներ և նախանշեց աշխատանքի կատարելագործման գլխավոր ուղղությունները՝ հասարակական կարգի ապահովման, հանրությանը ծառայությունների մատուցման, ճանապարհային ոստիկանության գործունեության և այլ ոլորտներում: